Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԱՌԱՎՈՏՅԱՆ ՄԻ ԲԱՆ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ, ԿԵՍՕՐԻՆ` ՄԻ ՈՒՐԻՇ ԲԱՆ, ԵՐԵԿՈՅԱՆ` ՄԵԿ ԱՅԼ»

«ԱՌԱՎՈՏՅԱՆ ՄԻ ԲԱՆ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ, ԿԵՍՕՐԻՆ` ՄԻ ՈՒՐԻՇ ԲԱՆ, ԵՐԵԿՈՅԱՆ` ՄԵԿ ԱՅԼ»
25.11.2011 | 00:00

«Ես չեմ մասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը, չեմ ուզում դառնալ փոխխոսնակ: Ես զբաղված եմ կուսակցական աշխատանքներով, ու ինձ ընդհանրապես չի հետաքրքրում պաշտոն ունենալու հարցը: Ես հիմա էլ բարձր պաշտոն ունեմ՝ ՕԵԿ խմբակցության ղեկավարն եմ: Դա ՀՀԿ-ի խնդիրն է, և նրանք կառաջադրեն իրենց թեկնածուին»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ: Ակումբի հյուրն ասուլիսից հետո պատասխանեց նաև մեր հարցերին:
-ՕԵԿ-ն սկսել է մարզային հանդիպումների շարքը, ասել է` նախընտրական քարոզչությունը մեկնարկե՞լ է:
-Ոչ, իհարկե, քարոզարշավ չենք սկսել: Մարզերում ժողովրդի հետ հանդիպումներ կուսակցությունը գրեթե ամեն շաբաթ ունենում է: Նման գրաֆիկով աշխատանքներն ՕԵԿ-ում արդեն 14 տարի անընդմեջ շարունակվում են, պարզապես ներկայիս հանդիպումներն ունեն այլ ձևաչափ, նշանակություն և նպատակ: Բացատրեմ. մինչ մեկնարկած այս հրապարակային հաշվետվությունների շարքը, կուսակցության հանդիպումները մարզերում նպատակ ունեին մշտապես հաղորդակից լինելու մարդկանց հոգսերին, լսելու, վեր հանելու այն խնդիրները, որոնք հուզում են մարդկանց, և որոնց լուծումը կապահովի հասարակության այս կամ այն խավի բնականոն կենսագործունեությունը: Այդ հանդիպումների արդյունքում են ծնվում այն տասնյակ օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հեղինակ է «Օրինաց երկիր» խմբակցությունը: Իսկ նոյեմբերից ընդամենը սկսել ենք կուսակցության հրապարակային քննարկումների և հաշվետվությունների շարքը: Մեր համոզմամբ, յուրաքանչյուր կուսակցություն պետք է ընտրություններից առաջ հաշվետվությամբ հանդես գա ժողովրդի առջև, մշտապես երկխոսության մեջ լինի նրա հետ: Հիմա մարդկանց, մեր ընտրողներին, մեր համախոհներին ներկայացնում ենք մեր անցած ճանապարհը, կյանքի կոչած և իրականացրած գործերը, որոնք մենք շեշտադրել ենք մեր նախընտրական ծրագրերում: Այսինքն, մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց տված վստահության քվեն ծառայել է իր նպատակին, որ կուսակցությունն իսկապես դարձել է իր ձայնը պետության բարձր ամբիոններում: Հանդիպումները նաև լավ միջոց են մեր առաջիկա նախընտրական ծրագրերում ներառելու բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին:
-Որոշ հրապարակումների համաձայն, հնարավոր է, որ ՕԵԿ-ը միանա ՀՀԿ-ին և ընդհանուր ցուցակով մասնակցի ընտրություններին: Հստակեցվա՞ծ է` առանձի՞ն, թե՞ միասին եք ընտրությունների գնում:
-«Օրինաց երկիր» կուսակցությունն այժմ ակտիվ քաղաքական և կազմակերպչական աշխատանքների փուլում է: Մենք մինչև Սուրբ ծննդյան և ամանորյան տոներն ամբողջությամբ ավարտին կհասցնենք մեր կառույցներում կուսակցական ռեսուրսների մոբիլիզացիան ու տեղաբաշխումը` ընտրարշավին ակտիվորեն մասնակցելու համար: ՈՒզում եմ ընդգծել, որ «Օրինաց երկիրը» տիրապետում է անհրաժեշտ քաղաքական ռեսուրսների և գործիքների` ընտրություններին առանձին մասնակցելու ու բավականին լուրջ հաջողություն արձանագրելու համար: Կոալիցիոն երեք կուսակցություններն էլ ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին հայտարարություններ արդեն արել են:
-Վերլուծաբանները, և ոչ միայն նրանք, հաճախ նկատում են, որ ՕԵԿ-ն առանց իշխանական լծակների չի կարող հաղթահարել ընտրությունների նվազագույն շեմը: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքն այս հարցի առնչությամբ:
-Ձեր նշած վերլուծաբանների (և ոչ միայն նրանց) նման դիտարկմանն առանձնապես լուրջ չեմ վերաբերվում և դրա համար ունեմ իմ պատճառները: Նախ` պետք է կարողանալ հաշվել, թե իշխանական լծակներն ինչքան են օգնում կամ, այլ կերպ ասած, ինչքան ձայն են «ապահովում» կուսակցությանը: Խոսքը տվյալ դեպքում միայն ՕԵԿ-ի մասին չէ: Մյուս կողմից, մարդիկ, մեծ հաշվով, որևէ կուսակցության ձայն են տալիս, հաշվի առնելով տվյալ քաղաքական ուժի իրականացրած ծրագրերը, գաղափարները, անցած ճանապարհը: Այս տեսանկյունից «Օրինաց երկիրն» ամենաշահեկան դիրքերից է ներկայանում հանրությանը: Կուսակցության թիկունքում հսկայածավալ աշխատանք կա կատարված: Դրա խոսուն օրինակներն այն 200 օրենքներն են, որոնք այս տարիներին «Օրինաց երկիրը» հեղինակել ու առաջ է մղել: Այս ամենը, ինչպես նաև շուտով արդեն 15 տարվա բուռն ու արդյունավետ կենսագրությունը չէին կարող իրենց դրոշմը չթողնել կուսակցության կայուն ընտրազանգվածի ձևավորման վրա: Չնշեմ, թե տասնյակ հազարավոր մարդիկ ո՛ր իրականացրած գործերի համար են քվեարկում ՕԵԿ-ի օգտին, որովհետև դա երկար ժամանակ կխլի, սակայն մեկ այլ բան, այնուամենայնիվ, չեմ կարող չարձանագրել. «Օրինաց երկիրը» միշտ ազնիվ է իր ընտրողների հետ, գործում է առավելագույնս հավասարակշռված և պարկեշտ, առավոտյան մի բան չենք ասում, կեսօրին` մի ուրիշ բան, երեկոյան` մեկ այլ: Սրանք կարծրացած սկզբունքներ ու աշխատելաոճ են, որոնք բոլոր համապետական ընտրությունների ժամանակ հաշվի են առնում հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցներ:
-Մամուլն անդրադարձել էր ՕԵԿ նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու Ձեր հավանական թեկնածությանը: Այդպե՞ս է:
-Նախընտրական շտաբ, որպես այդպիսին, դեռ չի ձևավորվել: Ինչ վերաբերում է իմ կամ մեկ այլ մարդու կողմից շտաբի աշխատանքները համակարգելու հավանականությանը, ապա կուսակցությունում նման հարց դեռ չի քննարկվել, կայացված որոշում դեռ չկա, բայց, իհարկե, շատ շուտով այդ հարցի պատասխանը հայ հասարակությունը կստանա:
-Օրերս նաև տեղեկություն տարածվեց, թե Արթուր Բաղդասարյանը պետք է գլխավորի ՕԵԿ նախընտրական շտաբը, ինչի պատճառով հրաժարական է տալու իր պաշտոնից: Իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունը:
-Իհարկե` չի համապատասխանում: Արթուր Բաղդասարյանը կուսակցության լիդերն է, նրա նախագահը, և ոչ թե ղեկավարելու է ՕԵԿ նախընտրական շտաբը, այլ առաջնորդելու է կուսակցությանը նախընտրական արշավի ողջ ընթացքում: Իսկ նախընտրական շտաբը կղեկավարի այլ մարդ:
-Դուք նշում եք, որ ՕԵԿ-ում վերջին շրջանում համալրումներն աննախադեպ են: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Վերջին ամիսներին 20000-ից ավելի մարդ է անդամագրվել կուսակցությանը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր կատարած աշխատանքները հասանելի են մարդկանց, գնահատվում են նրանց կողմից: Մարդիկ հավատում և վստահում են «Օրինաց երկրին», հավատում ու վստահում ապագայի այն գաղափարներին ու ծրագրերին, որոնք մենք առաջ ենք քաշում: Հետևաբար, մասնավորապես ընտրություններից ամիսներ առաջ մեծ թվով մարդկանց անդամագրումը կուսակցությանը տրամաբանական է: Մարդիկ ուզում են իրենց նախընտրած քաղաքական ուժի հետ աշխատել ընտրություններում հաջողություն արձանագրելու համար, մասնակիցը լինել բոլոր այն ծրագրերի կյանքի կոչմանը, որոնք վերաբերում են հենց իրենց կյանքին, իրենց վաղվա օրվան: Դրա համար էլ միանում են մեզ:
-ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է Սամվել Նիկոյանը: Խոսակցություններ կան, թե այդ կարգավիճակով նա կշարունակի պաշտոնավարել մինչև ընտրություններ: Ձեր վերաբերմունքն այս առնչությամբ:
-Մինչև ընտրություններ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իմ համոզմամբ, պետք է ընտրել խորհրդարանի նախագահ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ